Wednesday, September 2, 2009

Համառոտ Տեսություն Հին Հայաստանի Տարածքի Եւ Վարչական Բաժանման

Համառոտ Տեսություն
Հին Հայաստանի Տարածքի Եւ Վարչական Բաժանման

• Հայաստան ասելով պետք է հասկանալ այն ամբողջական տարածքը, որտեղ ապրել ու իր պատմությունն է կերտել հայ ժողովուրդը:
• Աքեմենյան Պարսկաստանի տիրապետության տակ գտնվելու ժամանակներից սկսած Հայաստանի մասին մեզ հասել են Դարեհ Ա-ի (521-484) Բեհիստունի (Քիրմանշահ քաղաքի մոտ) արձանագրությունը, հույն պատմագիրներ Հերոդոտի ու Քսենոֆոնի գրավոր հիշատակությունները:
• Դարեհի Բեհիստունի արձանագրության մեջ հիշատակված վայրերը, որոնց մի քանիսի տեղադրությունը դեռեւս չէ ճշտված, գտնվում էին Հայաստանի (արձանագրության մեջ՝ Արմենիա) հարավային սահմանամերձ շրջաններում, այդ պատճառով էլ այդ արձանագրությամբ հնարավոր չէ որոշակի գաղափար կազմել Հայաստանի տարածքային ամբողջականության մասին: Գրեթե նույնպիսի թերություններ ունեն նաեւ Հերոդոտի ու Քսենոֆոնի հաղորդած վկայությունները: Սակայն, այնուամենայնիվ, վերջիններիս հաղորդած տեղեկություններն անհամեմատ ավելի ամբողջական ու որոշակի են եւ հնարավորություն են տալիս, գոնե մոտավոր չափով, իմանալ Հայաստանի մեծությունը:
• Աքեմինյանների տիրապետությունը, որ Հայաստանում հաստատվել էր 519թ. Դարեհ Ա-ի ժամանակ, շարունակվեց մինչեւ 330 թ. (մ.թ.ա.):
• Դարեհ Ա թագավորի օրոք Աքեմենյան Պարսկաստանի կազմի մեջ մտնոթ բոլոր երկրները, դրանց թվում եւ Հայաստանը, ենթարկվեցին պետական ու վարչական վերակազմման: Դարեհ Ա-ն պարսկական ամբողջ պետությունը բաժանել էր մի շարք շրջանների՝ սատրապությունների, որոնց կառավարիչները կոչվում էին սատրապներ («աշխարհապահ»): Սատրապները, որորնք իրենց շրջաններում ունէին վարչական ու դատական իշխանություն եւ հավաքում ու Աքեմենյան արքունիք էին ուղարկում պետական հարկերը, ենթարկվում էին անմիջապես Դարեհի բարձրագույն իշխանությանը: Հայաստանի նախկին իշխանավորները, չնայած ենթարկվում էին սատրապներին, բայց պահպանել էին իրենց ներքին իրավունքները:
• Հայկական ցեղախմբերի բնակության շրջանները, որորնք Հերոդոտի մոտ կոչված են Արմենիա, կազմում էին Աքեմենյան Պարսկաստանի երկու սատրապություններ՝ 13-րդը եւ 18-րդը: 13-րդ սատրապության մեջ մտնում էին Հայկական լեռնաշխարհի արեւմտյան շրջանները՝ Արմենիան (արմենների երկիրը), Հայասա-Ազզին եւ նրանց հարեւան մի քանի մանր ցեղերի զբաղեցրած շրջանները: Արմենիան տարածվում էր Տիգրիսի վերին եւ Արածանիի ստորին հոսանքների շրջանում եւ տարածքով համընկնում էր ավելի ուշ շրջանում Ծոփք ու Աղձնիք նահանգներին («աշխարհներին»): Հավանական պետք է համարել այն, որ նշված ժամանակաշրջանում Արմենիայի մեջ են մտել նաեւ բազմաթիվ այլ վայրեր Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասերից:
• Հերոդոտի հիշատակության համաձայն՝ Արմենիան իր արեւմտյան սահմանը կազմող Եփրատ գետից սկսած դեպի հարավ-արեւելք, Պարսից «Արքայական Ճանապարհի» ուղղությամբ տարածվում էր 56,6 փարսախ (մոտ 320 կմ): Եթե նույն չափով նա տարածվում էր նաեւ արեւելյան ուղղությամբ, իսկ դա շատ հավանական է, ապա արեւելյան սահմանը Արածանիի ուղղությամբ հասել է Վանա լճի ավազանը՝ իր մեջ ամփոփելով հետագայի Տուրուբերանի մեծ մասը:
• Արմենների երկրից անմիջապես հյուսիս տարածվում էր Հայասան: Հյուսիսային կողմից նրա սահմանը կազմում էր Պոնտական լեռնաշղթան:
• Արմենիայից եվ Հայասայից բացի Աքեմենյան Պարսկաստանի 13-րդ սատրապության մեջ էին մտնում նաեւ Հայասայից հյուսիս՝ մինչեւ Պոնտական ծով (Սեւ ծով) ընկած շրջանները:
• 18-րդ սատրապությունը, դարձյալ Հերոդոտի վկայությամբ, կազմված էր մատիենների, սասպեյրների եւ ալարոդների երկրներից:
• Չափազանց հետաքրքրական է ի հարկե իմանալ 18-րդ սատրապության ճշգրիտ սահմանները, սակայն փաստերի բացակայության պատճառով առայժմ զրկված ենք այդ հնարավորությունից: Ընդհանուր ձեվով կարելի է ասել, որ մատիեններն ապրել էին Վանա եւ Ուրմիա լճերի միջեւ, ալարոդները՝ Վանա լճի ավազանում, Արարատյան դաշտում եւ դրանից արեւելք, իսկ սասպեյրները՝ Սպերի եւ Տայքի կողմերում:
• Աքեմենյան Պարսկաստանի տիրապետության ժամանակաշրջանի Հայաստանի մասին ամենակարեւոր աղբյուրը Քսենոֆոնի «Անաբազաիս» աշխատությունն է, որի մեջ բավական մանրամասնությամբ նկարագրված է Քսենոֆոնի եւ 10000 հույն զորքի վերադարձը Հայաստանի եւ Տրապիզոնի վրայով դեպի Հունաստան: Այդ նահանջը տեղի է ունեցել 401-400 թթ. (մ.թ.ա.): Հայաստանի մասին Քսենոֆոնի հաղորդած տեղեությունները արժանահավատ են, որովհետեւ նա ինքն անձամբ եղել է Հայաստանում եւ նկարագրել է իբրեւ ականատես: Միանգամայն հասկանալի է, որ Քսենոֆոնի տեղեկությունները վերաբերում են Հայաստանի (Արմենիայի) այն մասերին, որտեղով նա անցել է հույն զորքերի հետ:
• Նրա հաղորդած տեղեկությունների հիման վրա հնարավոր է դառնում դատել ոչ միայն զուտ պատմական մի շարք հարցերի մասին, այլեւ շատ թե քիչ որոշակի գաղափար կազմել այն ժամանակի Հայաստանի տարածքի եւ վարչական բաժանման վերաբերյալ:
• Քսենոֆոնի հիշատակության համաձայն՝ Արմենիան իր ժամանակներում վարչականորեն բաժանված էր երկու մասի՝ Արեւելյան Արմենիայի եւ Արեւմտյան Արմենիայի: Դրանցից յուրաքանչյուրը կազմում էր մի-մի սատրապություն եւ մտնում էր Աքեմենյան Պարսկաստանի կազմի մեջ: Ն.Ադոնցի կարծիքով Քսենոֆոնի հիշատակած Արմենիայի (Հայաստան) Արեւելյան եւ Արեւմտյան մասերը համապատասխանում են նույն Աքեմենյան ժամանակաշրջանի վերոհիշյան 13-րդ եւ 18-րդ սատրապություններին, որոնք հիշատակված են Հերոդոտի կողմից: Իսկ դրանից երեւում է որ հերոդոտի ժամանակ 18-րդ սատրապության մեջ հայացման բրոցեսը շատ խորն էր գնացել, եւ այդ է պատճառը, որ Հերոդոտից հետո շատ չանցած Քսենոֆոնն արդեն 18-րդ սատրապությունը հիշատակում է ոչ որպես սասպեյրների, մատիենների եւ ալարոդների երկիր, այլ Արեւելան Արմենիա (Արեւելյան Հայաստան):
• Սելեւկյանների տիրապետության ժամանակաշրջանում (4-րդ դարի վերջերից մինչեւ 2-րդ դարի սկզբները մ.թ.ա.), Հայաստանի մի մասը ենթարկված էր Սելեւկյան թագավորներին: Հայաստանը այդ ժամանակ բաղկացած էր երեք հիմնական մասերից՝ Փոքր Հայք, Ծոփք եւ Մեծ Հայք: Սրանցից Փոքր Հայքը եւ Մեծ Հայքի հյուսիսային մասը ինքնուրույն էին ու կառավարվում էին տեղական թագավրների կողմից: Պատմագիտական եւ հնագիտական վերջին ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Մեծ Հայքում իշխում էին Երվանդունի թագավորները: Երվանդունինըրն Արարատյան դաշտում կառուցել էին մի քանի բերդեր եվ քաղաքներ, որոնց մեջ ամենանշանավորներն էին Երվանդաշատ քաղաքը եւ Երվանդակերտ ամուր բերդը:
• Սելեւկյան շրջանում Ծոփքը կազմված էր Արեւմտյան Տիգրիսի վերին հոսանքի եւ ստորին Արածանիի վրա ընկած շրջաններից: Նա Մեծ Հայքին միացվեց բավական ուշ՝ Տիգրան Բ-ի օրոք:
• Մեծ Հայքը ինչպես եւ հայկական մյուս երկիրները՝ Ծոփքն ու Փոքր Հայքը, տարբեր ժամանակներում ունեցել են տարբեր տարածություն: Գերմանացի հայագետ Հյուբշմանը, հենվելով Ստրաբոնի վկայությունների վրա, ենթադրում է որ Սելեւկյան շրջանում բուն Հաայստանը (հայկական բոլոր երկրները՝ առանց Փոքր Հայքի) իր մեջ էր ընդգրկում հետագա 15 նահանգներից հազիվ չորսը՝ «Չորրորդ Հայքը, Աղձնիքը, Տուրուբերանը եւ Այրարատը»: Սակայն փաստերը ցույց են տալիս, որ Սելեւկյանների տիրապետության ժամանակաշրջանում Հյուբշմանի նշած նահանգներից բացի, Մեծ Հայքի մասերն են կազմել նաեւ Վանա լճից հարավ գտնվող Մոկաց աշխարհն ու Ռշտունիքը, ինչպես եւ լճից հարավ-արեւելք ընկած բազմաթիվ շրջաններ:
• Բացի դրանից, պետք է նշել որ հետագայում Մեծ Հայքին միացած Բարձր Հայք նահանգի արեւմտյան եւ հյուսիս-արեւմտյան մեծագույն մասը եւս հայկական էր եւ Սելեւկյանների տիրապետության ժամանակաշրջանում մտնում էր Փոքր Հայքի մեջ:
• Փոքր Հայքը Սելեւկյանների ժամանակաշրջանում ուներ ավելի մեծ տարածք, քան 2-րդ դարից (մ.թ.ա.) մինչեւ (3-րդ դարը մ.թ.) ընկած շրջանում: Այդ ժամանակաշրջանում բացի Հալիս եւ Գայլ գետերի ավազաններից, Փոքր Հայի մեջ էր մտնում նաեւ հետագայում Բարձր Հայք կոչվող նահանգի մեծագույն մասը, որը սակայն Արտաշես Ա-ն (2-րդ դար մ.թ.ա.) միացրեց Մեծ Հայքին, եւ այնուհետեւ այն մնաց որպես Մեծ Հայքի կազմի մեջ մտնող մի շրջան:
• Սելեւկյանների տիրապետության ժամանակաշրջանում Մեծ Հայքում, Փոքր Հայքում եւ Ծոփքում զարգանում է տնտեսությունն ու մշակույթը: Հասարակության դասակարգային շերտավորումն այդ հիման վրա աելի է խորանում: Հայ ժողովուրդն սկսում է ամեն մի առիթ օգտագործել ինքնուրույն պետականություն ձեռք բերելու համար: Շատ չանցած, հայկաակն ինքնուրույն պետականությունը դառնում է պատմական իրողություն:
• 3-րդ դարի ընթացքում Սելեւկյան պետությունը մշտական պատերազմների, ապստամբությունների եւ իշխող վերնախավի ներքին երկապռակւոթյունների պատճառով հետզհետե թուլանում է: Նրանց աշխարհակալ պետությունից աստիճանաբար անջատվում են նորանոր երկրներ:
• 190 թ.(մ.թ.ա.) Մագնեզիայի մոտ Հռոմի կողմից սեելւկյան թագավոր Անիոքոս Մեծի կրած ծանր պարտությունից օգտվելով իրենց անկախ հայտարարեցին Մեծ Հայքի Արտաշես եվ Ծոփքի Զարեհ կառավարիչները: Կազմվեցին Մեծ Հայքի եվ Ծոփքի պետությունները:
• Փոքր Հայքը դրանցից էլ դեռ շատ առաջ էր ձեռք բերել ինքուրույն պետականություն:
• Մեծ Հայքի եւ Ծոփքի հայկական թագավորությունների գրաված տարածքների ու դրանց ընդարձակման մասին բավականաչափ լավ գաղափար ենք կազմում Ստրաբոնի վկայությունների հիման վրա՝
• Նրա վկայությունից երեվում է որ Մեծ Հայի Արտաշես թագավորը իր պետությանն էր միացրել Կասպյան երկիրը (Փայտակարանը), Վասպուրականը (Ստրաբոնի մոտ՝ Բասորոպեդա), Փավնիտիսը, որը մի քանի ուսումնասիրողների մոտ նույնացվում է Սյունիքի հետ, Պարիադրեսի լեռնալանջերը՝ Տայքը, Խորձենեն, Գուգարքը (Գոգարինե), Կարնո գավառը (Կարենիտես), Դերջանը (Դերքսենե)՝ Կարինից արեւմուտք եւ Տմորիքը (Կորդվաց լեռներից հարավ): Իսկ Ծոփքի թագավոր Զարեհը գրավել էր Անտիտավրոսի կողմերը գտնվող երկիրը եւ Եկեղյաց գավառը, որն այդ ժամանակներում ավելի մեծ տարածք էր գրավում, քան հետագա դարերում:
• Այսպիսով Մեծ Հայքն ու Ծոփքը Արտաշես Ա-ի (189-160 թթ. Մ.թ.ա.) եւ Զարեհի օրոք իրենց մեջ ընդգրկում էին Փայտակարանը, Սյունիքը, Վասպուրականը, Այրարատը, Գուգարքը, Տայքը, Բարձր Հայքի մեծ մասը, Տուրուբերանը, Չորրորդ Հայքը, Աղձնիքը, ոկքը, Կորճեքի մեծագույն մասը եւ թերեւս նաեւ Ուտիքն ու Արցախը, այսինքն ավելի ուշ շրջանի՝ Արշակունիների թագավորության ժամանակաշրջանի Հայկական պետության 15 նահանգներից 14-ը:
• Ստրաբոնը հաղորդում է նաեւ որ ընդլայնված Հայաստանում բնակչությունը խոսում էր մի լեզվով՝ հայերենով:
• Նույն այս 2-րդ դարում (մ.թ.ա.), Մեծ Հայքից ու Ծոփքից բացի ընդարձակվել էր նաեւ Եփրատից արեւմուտք տարածվող Փոքր Հայքը, որը նվաճել էր Պարխարյան (Պարիադրես) լեռների արեւմտյան լեռնալանջերն ու Պոնտոսի հյուսիս-արեւելյան ծովափնյա շրջանները:
• Հայկական այդ երեք թագավորությունների մեջ ամենաընդարձակը եւ զորեղը Արտաշես Ա-ի թագավորությունն էր՝ Մեծ Հայքը:
• Մեծ Հայքի մասին պատմագիրները մանրամասն տեղեկություններ են հաղորդում սկսած Տիգրան Բ-ի (95-55 թթ. Մ.թ.ա.) ժամանակներից:
• Տիգրան Բ-ն գահ բարձրանալուց անմիջապս հետո վերագարվում է պատանդությունից ազատվելու համար Պարթեվաստանին զիջած 70 հովիտները, որոնք գտնվում էին Ատրպաականի կողմերում եւ Մեծ Հայքին էին միացված դեռեվա Արտաշես Ա-ի օրոք: Այդ 70 հովիտները, ուսումնասիրողների մեծ մասի կարծիքով, տարածքով համընկնում էին հետագայում արսկահայք կոչված նահանգին: Տիգրանն այնուհետեւ (մոտավորապես 94 թվին մ.թա.) Մեծ Հայքին է միացնում Ծոփքը, որը նրա կազմի մեջ մնաց նաեւ հետագա դարերի ընթացքում:
• Ծոփքի միացնելուց հետո Տիգրան Բ-ի ընդարձակ թագավորությունը արեւմուտքում, բացի Պոնտոսից, անմիջապես սահմանակից դարձավ նաեւ Կապադովկիային: Ծոփքի միացումից շատ չանցած եւ գուցե դրանից էլ առաջ, Տիգրան Բ-ն Մեծ Հայքին միացրեց նաեւ Փոքր Հայքի արեւելյան շրջանները, որոնք կազմեցին Կարնո աշխարհի (հետագայում՝ Բարձր Հայք) մասերը: Հարավային կողմերում նա Հայկական պետությանը միացրեց Կորդվաց աշխարհը:
• Տիգրանի նվաճած այդ երկրները այնուհետեւ կազմեցին Հայկական պետության մասերը: Իսկ Տիգրանի մյուս պատերազմներով ձեռք բերած երկրները՝ Ատրպատականը, Մեծ Մեդիան, Ադիաբենը, Օսրոենը, Միգդոնիան, Կոմագենը, Ասորիքը եւ մյուսները շատ կարճ ժամանակ մնացին Հայկական պետության կազմում: Երբ նվաճված երկրներն անջատվեցին Տիգրանի պետությունից, իսկ դա տեղի ունեցավ Պոմպեոսի արշավանքից հետո (65 թ. մ.թ.ա.), Հայաստանի քաղաքական սահմանները գրեեթ համընկան Հայկական լեռնաշխարհի սահմնանների հետ: Այնպես որ հին Հայաստան կամ հայագիտության մեջ հաճախակի գործածվող Պատմական Հայաստան ասելով պետք է հասկանալ ոչ թե Տիգրան Բ-ի աշխարհակալ պետությունը, այլ Արտաշես Ա-ի օրոք եղած Մեծ Հայքը եւ Տիգրանի ժամանակ նրան միացված Ծոփքը, Փոքր Հայքի արեւելյան մասը, Կորդուքը եւ Նոր Շիրականը, որն ավելի ուշ կոչվում էր Պարսկահայք: Հին Հայաստանն այդպիսի տարածքով, բացի հյուսիս-արեւելյան եւ հյուսիսային մասերում եղած շեղումների, հիմնականում համընկնում էր Հայկական լեռնաշխարհին եւ ուներ հետեվյալ սահամանները, հյուսիսում նրա սահամնը կազմում էր Կուր գետը՝ հարավում Կորդվաց եւ Մասիուս լեռները, արեւմուտքւմ՝ Եփրատ գետը, իսկ արեւելքում Կապուտան լիճն ու նրանից հյուսիս-արեւելք ձգվող լեռնաշղթան: Տիգրան բ-ի ժամանակներից սկսած նշված սահմաններում ամփոփված երկիրը հայտնի է դարձել Մեծ Հայք կամ Հայաստան անունով: Եվ չնայած հետագա դարերում հաճախակի փոփոխություններ են կրել նրա սահմանները՝ մերթ նեղացնել, մերթ լայնացել, մերթ էլ վարչական-քաղաքական տեսակետից երկիրը բաժանվել է տարբեր պետությունների միջեւ, այնուամենայնիվ, աշխարհագիրների եւ պատմաբանների մոտ Հայաստան է կոչվել վերը հիշված տարածքային ամբողջականությունը:
• Սելեւկյանների եւ Արտաշեսյանների տիրապետության շրջանում Հայաստանը գտնվում էր մի շարք երկրների միջեւ: Այդ երկրներից էին վիրքը, Աղվանքը, Ատրպատականը, Պարթեւական թագավորությունը, Կապադովկիան, Պոնտոսը եւ Տիգրիսի վերին հոսանքում եւ Միջագետքում ընկած Ադիաբենի, Միգդոնիայի (Մծբին կենտրոնով) եւ Օսրոենի (Եդեսիա կենտրոնով) փոքրիկ թագավորությունները, որոնք մեծ մասամբ ենթակա էին պարթվներին: Հայաստանն այդ հարեվանների հետ ուներ տնտեսական եւ մշակութային ամուր կապեր:
• Արտաշսյանների թագավորության շրջանում Հայկական պետությունը վարչական տեսակետից բաժանված էր երկու խողոր մասերի՝ ներքին գավառների եւ արտաքին երկրների: Արտաքնի մեջ մտնում էին Արվաստանի (Մծբինի շրջակայքը), Կորդուքի, Նոր Շիրականի, Գուգարքի, Ծոփքի եւ Աղձնիքի բդեշխությունները, որոնք Տիգրան բ-ի եւ Պոմպեոսի միջեւ կնքված 65 թ. (մ.թ.ա.) դաշնագրով մնացին Հայկական պետության կազմում: Բդեշխությունները կիսանկախ էին եւ վասալական կախում ունէին հայ թագավորներից: Բդեշխությունների վասալական կարեւոր ծառայությունը հայոց թագավորներին այն էր, որ նրանցից յուրաքանչյուրն իր կողմում պաշտպանում էր Հայկական պետության սահմանները: Այդ պատճառով էլ բդեշխությունները կոչվում էին նաեւ «կողմնակալություն» կամ «սահմանակալություն»: Բդեշխները արքունիքում ավելի բարձր դիրք ունէին, քան երկրի ներսի հողատեր ազնվականները: Բդեշխի պաշտոնը բոլոր տեղերում ժառանգական էր, բացառությամբ Տիգարն Բ-ի օրոք Աղձնիքի բդեշխի պաշտոնի, որը վարում էր թագավորների մերձավորներից մեկը: Այդ էլ այն պատճառով, որ Աղձնիքը, Տիգրանակերտ մայրաքաղաքով հանդերձ, պատկանում էր արքունական տանը:
• Մի փոքր այլ էր պետության ներքին շրջանների վարչական վիճակը: Կենտրոնական գավառներում կառավրիչներ նշանակում էր թագավորը: Կառավարիչներ էին նշանակվում արդեն ընդարձակ հղային կալվածքներ ձեռք բերած ազնվականներից: Նրանք, չնայած ձեռք էին բերել բավականաչափ կալվածատիրական իրավունքներ, ժառանգաբար իրավունք չունէին կառավարել տվյալ գավառը կամ շրջանը: Թագավորը «աշխարհներում» ու գավառներում կառավարիչ էր նշանակում ամենաազդեցիկ հողատիրական տոհմի ավագին՝ տալով նդան «նահապետ»,«տանուտեր» տիտղոսը: Նրանք հիմնականում զինվորական վերնախավի ներկայացուցիչներ էին:
• Արտաշեսյանների թագավորության ժամանակաշրջանի երկրի ներքին գավառների վարչական բաժանման մասին շատ քիչ տեղեկություննե են հասել մեզ:
• Հռոմեական աշխարհագիր Պլինիոս Ավագի վկայությամբ Հայաստանը նրա ժամանակ )23-79Օ բաժանված էր 120 ղրջանների, որոնց նա անվանում էր ստրատեգիաներ (բառացի «զորավարություններ»): Ուսումնասիրողների կարծիքով այդ շրջանների մեծագույն մասը գոյություն ուներ դեռեւս Տիգրան Բ-ի օրոք:
• Հավանական պետք է համարել այն, որ Արտաշեսյանների շագավորության ժամանակաշրջանում, հատկապես Տիգրանի օրո, վարչական շրջանները հիմնականում համապատասխանում էին ռազմականին: Արտաշեսյաննրի ժամանակ Հայաստանն ուներ երկու մայրաքաղաք՝ Արտաշատը՝ որը կառուցվել էր Արտաշես ա-ի օրոք (մոտավորապես մ.թ.ա. 166 թ.) եւ Տիգրանակերտը՝ հիմնադրված Տիգրան Բ-ի օրոք (մ.թ.ա. 77 թ.):
• Հայկական պետության տարածքի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ունենք Արշակունիների թագավորության շրջանից (66-428 թթ.): Այսպես, պատմագիրների հաղորդած տեղեկություններից երեվում է, որ այդ ժամանակաշրջանում Հայկական պետության սահմանը հարավ-արեւելքում հասնում էր Զինթա ամրոցին (այժմյան Քելիշինի լեռնանցքի շրջանում) եւ Ատրպատականի Գանձակ քաղաքին (ՄԱրաղայից հարավ): Հարավում հայկական պետության սահմանը նույն ժամանակաշրջանում հասնում էր Կորդվաց լեռներին եւ Արեւմտյան Տիգրիսին, հյուսիսում՝ Կուր գետին, արեւմուտքում՝ Եփրատին, իսկ արեւելքում՝ Կասպից ծովին՝
• Նշված սահմաններում ամփոփված երկրում բնակչության ճնշող մասը կազմում էին հայերը: Բայց, մանավանդ ծայրամասային շրջաններում հայերի հետ միասին ապրում էին նաեւ այլ ժողովուրդներ՝ կորդվացիներ, մարեր, աղվաններ, վրացիներ, հույներ, ասորիներ, կապադովկիացիներ եւ այլք: Այնպես որ Արշակունիների շրջանում հայ ժողովրդի էթնիկական սահմանները միայն մոտավոր չափով էին համընկնում պետական սահմանների հետ: Եթե հարավ-արեւելքում եւ արեւելքում Հայկական պետության սահմաններն ավելի ընդարձակ էին էթնիկականից, ապա արեւմուտքում ճիշդ հակառակն էր. այստեղ հայկական պետության սահմանն անցնում էր Եփրատ գետով, մինչդեռ ամբողջ Փոքր Հայքը, որի բնակչության հիմնական մասը կազմում էին հայերը, տարածվում էր Եփրատ գետից արեւմուտք: Դեռ, ավելին, մի քիչ ավելի ուշ՝ 6-րդ դարում հայկական տարրը ձգտվում է դեպի արեւմուտք այն աստիճան, որ համարյա ամբողջ Կապադովկիայում ձեռք է բերում բացարձակ գերակշռություն, որով մասնավորապես եւ պայմանավորված էր Հուստինիանոսի ժամանակաշրջանում (527-565) կատարված նոր վարչական բաժանումը Փոքր Ասիայի արեւելյան մասում:
• Արշակունիների թագավորության ժամանակաշրջանւոմ Հայկական պետության՝ վերը նշված քաղաքական սահմանները գրեթե մնացել էին անփոփոխ: Նշված սահմանները Արշակունիների Հայկական պետության առավելագուն սահմաններն են: Հայկական ծայրամասային նահանգները՝ Աղձնիքը, Կորդուքը, Արցախը, Ուտիքը, Գուգարքը, երբեմն դուրս էին մնում Հայկական պետության շրջանակներից, բայց հետո նորից միացվում էին Հայկական պետությանը: Բացի այդ, Հռոմն ու Պարսկասատնը եւս ժամանակավորապես իրենց ձեռքն էին գցում էին Հայաստանի մեջ մտնող զանազան շրջաններ, որոնք տարածվում էին հարավ-արեւելքում, հարավում եւ հարավ-արեւմուտքում: Սակայն մինչեւ 4-րդ դարի երկրորդ կեսը հայկական զորքի ուժով այդ շրջանները նորից միացվում էին Հայաստանին:
• Արշակունիների թագավորության ժամանակաշրջանում Հայկական պետության հիմնական մայրաքաղաքներն էին Արտաշատը եւ Վաղարշապատը:
• Երկարաձիգ պատերազմները Հռոմի եւ Սասանյան Պարսկաստանի միջեւ վերջացան նրանով, որ 4-րդ դարի վերջերին Հայաստանը բաժանվեց այդ երկու տերությունների միջեւ: Պայմանագրային համաձայնությունը, որ կայացավ 387 թ., ուժի մեջ մնաց մինչեւ 591 թ.:
• Պարսկաստանի եւ Հռոմի միջեւ կնքված հատուկ պայմանագրով Հայաստանի ծայրամասային նահանգները՝ Ծոփքը, Աղձնիքը, Կորդուքը, Նոր Շիրականը (Պարսկահայքը), Բաղասական աշխարհը (Փայտակարան), Արցախը, Ուտիքը եւ Գուգարքը համարվեցին Հայաստանից անջատված եւ մտցվեցին այդ պետությունների կազմի մեջ: Հայաստանի կազմում մնում էին միայն կենտրոնական նահանգները, որորնք բաժանվեցին հիշյալ պետությունների միջեւ: Հայաստանի խոշորագույն մասը՝ 4/5-ր, անցավ պարսիկներին, իսկ 1/5-ը՝ հռոմեացիներին:
• Այդ բաժանումից հետո, որը պատմության մեջ հայտնի է Հայաստանի առաջին քաղաքական բաժանում անունով, այլեւս Մեծ Հայքն ամբողջությամբ ընդգրկող մի միասնական հայկական թագավորություն չստեղծվեց:
• Հայաստանի արեւելյան եւ արեւմտյան մասերի բաժանումը ոչ միայն սոսկ տերիտորյալ՝ տարածքային իմաստ ուներ, այլեւ քաղաքական նույնիսկ մշակությաին: Թե՛ պարսիկները եւ թե՛ հատկապես հռոմեացիները ամենազանազան եղանակներով ազդում էին հայ ժողովրդի ներքին կյանքի վրա, ի հարկե, բացասական իմաստով:
• 387 թ. բաժանմամբ Հայաստանում Հռոմի ու Պարսկասատնի միջեւ սահմանն անցնւոմ էր Մծբին-Կարին (այժմ Էրզրում) գծով:
• Այդ գծի ուղղությամբ թե՛ հռոմեական եւ թե՛ պարսկական մասում կային եւ կառուցվեցին մի շարք բերդաքաղաքներ ու բերդեր: Այսպես, սահմանի հարավային ծայրակետ Մծբինը, որն ամրացած քաղաք էր, գտնվում էր պարկական բաժնում: Նրա դիմաց, դեպի հյուսիս տարածվող Դարա կամ Անաստասուպոլիս ամուր քաղաքը (այժմյան Կարադարա փոքրիկ գյուղի մոտ):
• Ավելի հյուսիս, սահմանային Նիմիֆոս (այժմ՝ Բաթման-սու) գետի աջ կողմում, հռոմեական մասում գտնվում էր Մարտիրուպոլիս (Տիգրանակերտ) քաղաքը: Գետի ձախ ափին տարածվում էր պարսկական Արզանան հարուստ շրջանը՝ Արզն քաղաքով: Բացի դրանից, Մարտիրուպոլսի ուղիղ դիմաց, պարսկական մասում, Ակբա լեռան վրա գտնվում էր Ակբա ամռոցը (այժմ Անուշիրվանկալա): Ակբայից ոչ այնքան հեռու գոյություն ունեին պարսկական սահմանագլխային եւս բերդեր՝ Ափումը եւ Խլոմարը կամ Քղիմարը: Հենց պարսկական այդ բերդերի (Ակբայի, Ափումի եւ Խլոմարի) գրավման համար էին պայքարում հռոմեական զորքերը 6-րդ վերջերին ծագած երկարատեւ պատերազմների ընթացքում:
• Պարսկական Ակբա, Ափում եւ Խլոմար բերդերի դիմաց կանգնած էին հռոմեական ամրացված բերդերը: Այսպես. Բացի Մարտիրուպոլսից եւ դրանից հյւսիս գտնվող աթթախ բերդից գույություն ուներ եւ Փիս բերդը, որը գտնվում էր Մարտիրուպոլսից 35 կմ հեռավորության վրա: Փիսից դեպի արեւմուտք, 8-10 կմ հեռավորությամբ գտնվում էին Կլեսուրի երկու լեռնացքները՝ մեկը մյուսին շատ մոտ: Այս կողմերում պարսկական մասից դեպի հռոմեականը կարելի էր անցնել միայն այդ երկու լեռնանցքներով, այլ ճանապարհ գոյություն չուներ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հետագայում Հուստինիանոս կայսեր օրոք ավելի ամրացվեցին ստրատեգիական բացառիկ նշանակություն ունեցող Փիս բերդն ու Կլեսուրի լեռնանցքները:
• Փիսից հյուսիս լայնական ուղղությամբ տարածվում էր Հայկական Տավրոսը:
• Հայկական Տավրոսից հյուսիս, Արածանիի հովտում սահմանն ուղղված էր դեպի Թեոդոսուպոլիս (Կարին): Այս շրջանում հռոմեական տիրապետությունը պարսկականի հետ շփվում էր Հաշտյանք եւ Խորձյան գավառներում՝ Կփառիճ եւ Արտալես (կամ Արտալեսոն) բերդերի ամրացված գծով: Կփառիճը գտնվում էր Հաշտյանք գավառում եւ մինչեւ Հուստինիանոս կայսրը մի անշուք գյուղ էր: Հուստինիանոսն այնտեղ կառուցեց ամուր բերդ՝ արհեստական ջրամբար-խրամատներով, այն դարձնելով Հաշտյանք գավառամասում պաշտպանության հենակետ: Նույնպիսի դեր էր կատարում Արտալեսը Խորձյան գավառում:
• Թեոդոսուպոլսի կողմերում երկու պետությունների սահմանը այնքան էլ որոշակի չէր:
• Թեոդոսուպոլիսը գտնվում էր հռոմեական մասում: Նա ուղղակի սահմանի վրա չեր, այլ մի փոքր արեւմուտք: Այս մասում անմիջական սահմանի վրա գտնվում էր Դու գյուղը, իսկ դեպի հյուսիս, այժմյան Կանդիլ լեռան մոտքերում՝ Ծաղիկ գյուղը:
• Ի հակադրություն Թեոդուպոլիսի, պարսկական մասում գտնվում էր Բոլ կամ Բող բերդը, որը բավականաչափ մեծ դեր խաղաց 6-րդ դարի պարսկա-հռոմեական պատերազմների ժամանակ: Բող բերդի տեղը ճշգրիտ չի որոշված: Սովորաբար այդ բերդը տեղադրում են այժմյան Հասան-կալա քաղաքի տեղը: Ադոնցի կարծիքով Բող բերդի ավերակները պետք է որոնել Կարգաբազար լեռների շրջանում գոյություն ունեցող Բուա-կալա ամրոցի մոտքերում:
• Ուրեմն այսպես, Հայաստանի 387 թ. առաջին բաժանման գծի ուղղությամբ հռոմեական մասում գտնվում էին Անաստասուպոլիս (Դարա), Մարտիրուպոլիս (Տիգրանակերտ), Աթթախ, Փիս, երկու Կլեսուրներ, Կթառիճ, Արտալես եւ Թեոդոսուպոլիս (Կարին) ամրացված կետերը, իսկ պարսկական մասում՝ Մծբին, Արզն, Ակբա, Ափում, Խլոմար եւ Բող բերդերը:
• Երկու պետությունների միջեւ եղած սահմանն անցնում էր հետեւյալ բնագծերով (հարավից-հյուսիս)՝ Մծբին-Իլիջայի լեռներ-Քաղրիդ գետ-Սերոկի լեռներ-Դեւեբոյնի եւ Կարգաբազարի լեռներ-Կանդլի լեռներ, դեպի հյուսիս-արեւմուտք՝ մինչեւ Սեւ Ծովի մոտքերը:
• Նկարագրաված գծից արեւելք ընկած էր Հայստանի՝ Սասանյան Պարսկաստանին անցած մասը, որը հայտնի է Արեւելյան Հայաստան անունով, իսկ գծից արեւմուտք հռոմեական մասն էր՝ Արեւմտյան Հայաստանը:

No comments:

Post a Comment